Չինաստանի զինված ուժերի մոդեռնացումը կատարվում է շատ ավելի արագ, քան սպասում էին շատ վերլուծաբաններ: Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) փորձագետների կարծիքով` Վաշինգտոնն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Չինաստանին, ոչ թե Ռուսաստանին` փորձելով որոշել իր զինված ուժերի ապագա կարիքները: Դա հատկապես վերաբերում է ավիացիային ու նավատորմին, որ Չինաստանի իշխանությունը նորացնում է հատկապես արագ ու արդյունավետ:
Իրադարձությունները Եվրոպայում ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի ցամաքային զորքերի համար հիմնական սպառնալիք մնում է Ռուսաստանը: Այդ տրենդն արտացոլված է ամենամյա ՙՌազմական հավասարակշռություն՚ զեկույցում, որ IISS-ը հրապարակում է 1959-ից, զեկույցը գնահատում է երկրների ռազմական ներուժը և պաշտպանական ծախսերը:
Չինաստանի զինված ուժերի վերափոխումը նոր չի սկսվել, բայց կամ արդեն հասել է, կամ շուտով կհասնի շրջադարձային կետին և այդ տեսակետից Չինաստանը կարող է Վաշինգտոնի հետ խոսել հավասար դիրքերից: IISS-ի այս տարվա զեկույցը շուտով կհրապարակվի: Ես հանդիպեցի IISS-ի փորձագետներին` հասկանալու համար` ի՞նչ է նշանակում Չինաստանի ռազմական ներուժի չոր վիճակագրությունը: Չինաստանի զինված ուժերի մոդեռնացման արագությունը և տեխնիկական հնարավորությունների զարգացումը ապշեցնում են: Պեկինն ունի գերհեռահար բալիստիկ հրթիռներ և հինգերորդ սերնդի կործանիչներ: 2017-ին ափ իջեցվեց 55 տիպի առաջին հածանավը, որի հզորությունը պիտի մտահոգի ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի ռազմածովային նավատորմի հրամանատարին: Չինաստանը կառուցում է երկրորդ նավը, Պեկինը բարեփոխում է զինված ուժերի հրամանատարության կառուցվածքը և ստեղծում իսկական, միացյալ շտաբ, որտեղ ներկայացված են զորքերի բոլոր տեսակները: Հրետանու, հակաօդային պաշտպանության համակարգերի և հարձակողական ցամաքային զորքերի ներուժի առումով Չինաստանի բանակն արդեն ունի ամերիկյանը գերազանցող համակարգեր:
1990-ականների վերջից, երբ Չինաստանը Ռուսաստանից գնում էր ժամանակակից տեխնոլոգիական զենք, Պեկինը մեծ գումարներ է ներդրել իր նավատորմի ու սուզանավերի մոդեռնացման մեջ: Չինաստանը հաստատում է, որ J-12 նոր կործանիչն արդեն զինված ուժերի զինանոցում է: J-12-ը համարվում է հինգերորդ սերնդի կործանիչ` հագեցած է ստելս տեխնոլոգիայով, ունի գերձայնային արագություն և ռադիոէլեկտրոնիկ սարքեր: IISS-ի փորձագետները այդ տեղեկությանը որոշ հոռետեսությամբ են վերաբերվում: ՙՉինաստանի ռազմաօդային ուժերը դեռ պետք է մշակեն քիչ նկատելի կործանիչի օգտագործման մարտավարությունը և ձևակերպեն հինգերորդ սերնդի ինքնաթիռների օգտագործման հայեցակարգը` չորրորդ սերնդի ինքնաթիռների համադրությամբ՚` ասում են նրանք: ՙԱյնուհանդերձ` Չինաստանը նկատելի առաջընթաց ունի: Այդ կործանիչների վրա կարող են տեղակայվել ՙերկինք-երկինք՚ ամբողջ շարք հրթիռներ, որոնց հզորությունը ոչնչով չի տարբերվում արևմտյան հրթիռներից՚` ասում են փորձագետները:
ՙՌազմական հավասարակշռության՚ վերջին զեկույցը մեծ ուշադրություն է դարձնում Չինաստանի ու Ռուսաստանի ավիացիոն հրթիռների զարգացմանը, որ փորձագետների խոսքով կարող է սպառնալիք դառնալ երկնքում արևմտյան գերակայությանը: Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները օդային մի շարք մարտերում կորցրել են ընդամենը մի քանի ինքնաթիռ, բայց IISS-ը կարծում է, որ Չինաստանը աճող սպառնալիք է ներկայացնում Արևմուտքի գերակայությանը: Պեկինը, օրինակ, մշակում է ՙերկինք-երկինք՚ գերհեռահար հրթիռ, որ ի վիճակի է խոցել լիցքավորող ինքնաթիռները կամ հրամանատարության ու վերահսկողության ինքնաթիռները, որ օդում են գտնվում մարտական գործողություններից հեռու: Նրանք կենսականորեն կարևոր են, բայց հեշտ խոցելի ռազմաօդային գործողությունների տեսակետից:
IISS-ի զեկույցի հեղինակները համոզված են, որ Չինաստանի հրթիռային տեխնոլոգիաների զարգացումը 2020-ին ՙկստիպի ԱՄՆ-ին ու Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցներին վերանայել ոչ միայն իրենց մարտավարությունն ու կանոնակարգերը, այլև իրենց սեփական մարտական օդատիեզերական ծրագրերի զարգացման ուղղությունները՚: IISS-ի համաձայն` Չինաստանի ցամաքային ուժերը մոդեռնացման առումով հետ են մնում մյուս զորատեսակներից: Չինական բանակի սպառազինության միայն կեսն է օգտագործելու ենթակա ժամանակակից կռվի մեջ: Բայց անգամ այստեղ առաջընթաց կա: Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ 2020-ին մտադիր են հասնել բանակի ՙմեքենայացմանը՚, նրանց խոսքով` տեղեկատվայնացմանը: Ի՞նչ նկատի ունի Չինաստանը ՙտեղեկատվայնացում՚ ասելով, դժվար է գուշակել, բայց Պեկինը, անկասկած, ուշադրությամբ հետևում է` ինչպես է տեղեկատվությունն օգտագործվում ժամանակակից կոնֆլիկտներում և ցանկանում է ադապտացնել այդ պրակտիկան իր կարիքների համար:
Չինաստանն ունի մեկ հստակ ռազմավարական նպատակ, որին հասնելու համար զարգացնում է զենքերի նոր համակարգեր: Ռազմական կոնֆլիկտի դեպքում Պեկինը ցանկանում է ԱՄՆ-ի զինված ուժերին հնարավորինս հեռու պահել իր ափերից, հնարավորության դեպքում` Խաղաղ օվկիանոսի մյուս կողմում: Ռազմական լեզվով դա նշանակում է ՙսահմանափակում և մուտքի ու մանևրի արգելափակում՚: Հենց այդ պատճառով է Չինաստանը մշակում հեռահար և գերհեռահար հրթիռներ, նաև նավատորմ, որ սպառնալիք են ԱՄՆ-ի ավիակիրների հարվածային խմբերին:
Ռազմական հզորության ծավալով Չինաստանի բարձրագույն լիգա է մտել, բայց այդքանով Չինաստանի ռազմական զարգացման հետևանքները չեն սահմանափակվում: Չինաստանը զարգացնում է զենքի արտահանման հավակնոտ ծրագրեր: Պեկինը հաճախ պատրաստ է վաճառել գերնոր տեխնոլոգիաներ, որ այլ երկրներ կամ չունեն, կամ պատրաստ են վաճառել միայն մերձավոր դաշնակիցներին: Օրինակը անօդաչուների շուկան է: Այդ տեխնոլոգիան հիմա շատ արագ տարածվում է ամբողջ աշխարհում և միաժամանակ հրատապ է դարձնում հարցը` որտեղո՞վ է անցնում պատերազմի ու խաղաղության միջև սահմանը: Առաջիններից մեկը այդ տեխնոլոգիան կիրառած ԱՄՆ-ը հրաժարվում է բարձրտեխնոլոգիական զենքով դրոնները վաճառել որևէ մեկին, բացի ՆԱՏՕ-ի իր մերձավոր դաշշնակիցներից, օրինակ` Մեծ Բրիտանիային: Չինաստանը նման սահմանափակումներ չունի: Զենքի տարատեսակ ցուցահանդեսներում ամբողջ աշխարհով մեկ Պեկինը ներկայացնում է բարձրտեխնոլոգիական անօդաչուները և զենքի համակարգերը, որոնցով կարելի է դրոնները զինել: IISS-ի փորձագետները նշում են, որ Չինաստանը զինված անօդաչուներ է վաճառել Եգիպտոսին, Նիգերիային, Պակիստանին, Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին ու Մյանմային: Դա լավ օրինակ է անկանխատեսելի հետևանքների օրենքի գործողության: Իր տեխնոլոգիաները չվաճառելու Վաշինգտոնի քաղաքականությունը գործողության դաշտ է բացում Պեկինի առաջ: Ինքնին դա խթանում է այդ զենքի տարածումը` անօդաչուները հետախուզական տվյալների հավաքման համար օգտագործող երկրները սկսում են դրոնների վրա զենքեր տեղակայել: ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների զենքի արտահանողները Չինաստանին համարում են առևտրական աճող սպառնալիք իրենց համար: Չինաստանը շատ ավելի նշանակալից դեր է խաղում, քան մեկ տասնամյակ առաջ էր, և գնորդներին առաջարկում է լավորակ ռազմական համակարգեր: Ինչպես վկայում է երկրների ցանկը, որոնց Պեկինը անօդաչուներ է վաճառել, Չինաստանը պատրաստ է աշխատել շուկաների հետ, որ արևմտյան արտադրողները կամ երկրները համարում են քաղաքականապես չափազանց նրբանկատ: IISS-ի փորձագետն ասում է, որ Չինաստանը սովորաբար հաջողությամբ է ավարտում զենքի վաճառքի գործարքները բոլոր առումներով: Չինական տեխնոլոգիաները միջին հաշվով 75 %-ով համապատասխանում են արևմտյան տեխնոլոգիաների ներուժին և 50 %-ով էժան են: Բիզնեսի տեսակետից` նման գործարքից դժվար է հրաժարվել: Ցամաքային զորքերի համար չինական սպառազինության արտահանումը նվազ տպավորիչ է: Չինաստանը դեռ միջազգային շուկաներում մրցակցում է ՈՒկրաինայի ու Ռուսաստանի հետ:
Երբ 2014-ին Կիևը չկարողացավ ժամանակին կատարել տանկերի մատակարարման Թաիլանդի պատվերը, Թաիլանդը գնեց չինական VT4 տանկեր: 2017-ին Թաիլանդը ևս մեկ պայմանագիր կնքեց Պեկինի հետ: IISS-ի փորձագետների գնահատականով` Չինաստանը ջանում է զինատեսակների համակարգերը մշակել յուրաքանչյուր շուկայի պահանջների համապատասխան: Նրանք նշում են չինական նոր թեթև տանկը Աֆրիկայի երկրների համար, որտեղ լավ ճանապարհների ու ինֆրակառույցների բացակայությամբ այլ երկրների առաջարկած առավել ծանր մոդելները պիտանի չեն: Փաստը, որ Չինաստանն ավելի ու ավելի շատ է արտահանում գերժամանակակից զենք, մտահոգում է շատ երկրների և ոչ միայն նրա հարևաններին: Չինաստանի ու Արևմուտքի երկրների միջև կոնֆլիկտ կարող է երբեք չլինել, բայց արևմտյան երկրները կարող են բախվել չինական արտադրության բարձրտեխնոլոգիական զինատեսակներին այլ բանակների զինանոցում: ՙՊետք է վերանայվի գաղափարը, որ այլ երկրներում կոնֆլիկտներին միջամտությունը մեծ ռիսկ չէ՚` եզրակացնում են IISS-ի փորձագետները:
Ջոնաթան ՄԱՐԿՈՒՍ, BBC
Հ.Գ. Իսկ մենք պատրաստվու՞մ ենք չինական նորագույն զենք գնել` հաշվի առնելով որակն ու գինը, արդյունավետությունը և հարմարվածությունը հայկական պայմաններին: Չինաստանը պատրաստ է վաճառել, մենք պատրա՞ստ ենք գնել, թե՞ պարտավորված ենք վարկ վերցնել ու զենք գնել միայն Ռուսաստանից: Եվ` ինչու՞:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ